National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
22.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
10.10.2012
Մեկնարկեց ասմունքի հանրապետական մանկապատանեկան 5-րդ մրցույթ- փառատոնի մարզային եզրափակիչ փուլը
1 / 7

Հոկտեմբերի 10-ին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, խորհրդարանի փոխնախագահները եւ մի խումբ պատգամավորներ այցելեցին Հաղպատ` մասնակցելու ասմունքի հանրապետական մանկապատանեկան 5-րդ մրցույթ- փառատոնի մարզային եզրափակիչ փուլի բացման արարողությանը: Նշենք, որ ասմունքի հանրապետական մանկապատանեկան 5-րդ մրցույթ փառատոնը, որն անցկացվում է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո, մեկնարկել է սեպտեմբերի 5-ին եւ նվիրված է Սայաթ-Նովայի 300 եւ Եղիշե Չարենցի 115- ամյա հոբելյաններին: Ի դեպ, ՅՈՒՆԵՍԿՕՆ 2012թ. իր մշակութային հոբելյանական ծրագրի ցանկում ներառել է նաեւ Սայաթ-Նովայի 300 ամյակը: Եվ, քանի որ Հաղպատի վանքում է Սայաթ- Նովան երկու տասնամյակ ապրել, ձեռնադրվելով նախ քահանա, ապա` վարդապետ, ուստի փառատոնի մարզային եզրափակիչ փուլը մեկնարկեց Լոռու մարզի նույնանուն համայնքում, որտեղ եւ գտնվում է վանքը: ԱԺ նախագահը, պատգամավորներն ու մրցույթ-փառատոնի ժյուրիի անդամները Գուգարաց թեմի հոգեւոր առաջնորդի ուղեկցությամբ եղան Հաղպատավանքում: Խորհրդարանի ղեկավարը կարեւորեց Հաղպատի վանքը ոչ միայն որպես աղոթավայր ու մշակութային արժեք, այլեւ որպես զբոսաշրջության կենտրոն: Նա տեղեկացավ, որ վանքը չունի ջահ եւ խոստացավ, որ ջահը կպատրաստվի ու կտեղադրվի համալիրի Սուրբ Նշան եկեղեցում:

Մրցույթ փառատոնը մեկնարկեց Հաղպատի մշակույթի տանը: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ողջույնի խոսքում կատարած աշխատանքների համար շնորհակալություն հայտնեց փառատոնի կազմակերպիչներին, մարզի ղեկավարությանը:

«Փառատոնը մեզ հանարավորություն կտա մեր ապագա սերնդի մոտ վերականգնելու սերը դեպի հայ գրականությունն ու պոեզիան, վերադարձնելու դեպի արմատները, ինչը շատ կարեւոր է: Այս փառատոնը հարգանք է առաջացնում մեր անցյալի, մշակույթի, մեր մեծերի նկատմամբ: Համոզված եմ, որ այն վայելելու է ավելի մեծ ժողովրդականություն եւ ավելի կսիրվի ժողովրդի կողմից: Կարեւոր է նաեւ մեր այսօրվա համար, մեր միասնականության համար. այն միավորում է մեր աշակերտներին Արցախի եւ Ջավախքի իրենց եղբայրների ու քույրերի հետ, հնարավորություն տալիս շփվելու միմյանց հետ-ասաց Հովիկ Աբրահամյանը:

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը տեղեկացրեց, որ ԱԺ նախագահի աջակցությամբ «Մարզերի համաչափ զարգացման ծրագրի» շրջանակներում 2013թ սկզբին կվերանորոգվի Հաղպատ համայնքի մշակույթի տունը եւ համայնքը կունենա բարեկարգ մշակութային կենտրոն:

Այցի շրջանակներում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց նաեւ Հաղպատի միջնակարգ դպրոցի ուսուցիչների հետ: Նա կարեւորեց եւ բարձր գնահատեց ուսուցչի աշխատանքը մատաղ սերնդի դաստիարակման գործում: Ուսուցչի տոնի առթիվ եւ կրթության ոլորտում մեծ ներդրման համար խորհրդարանի նախագահը ԱԺ պատվոգրով եւ շնորհակալագրերով պարգեւատրեց դպրոցի 4 ուսուցիչների:

«Մենք բարձր ենք գնահատում ձեր վաստակը մեր պետության կայացման գործում: Ուսուցիչները նույնիսկ ամենադժվար տարիներին չլքեցին դպրոցը: Մենք լավ ապագա կունենանք մեր միասնական, համատեղ աշխատանքի շնորհիվ», -նշեց ԱԺ նախագահը:

Հանդիպման ընթացքում ուսուցիչները ներկայացրին իրենց մտահոգություններն ու առաջարկները: Նրանք ցանկություն հայտնեցին տոնելու Հաղպատի կրթօջախի 1000-ամյակը, Սայաթ-Նովայի անունով վերանվանելու դպրոցը եւ հնարավորության դեպքում վերանորոգելու: ԱԺ նախագահը խոստացավ ընդառաջել ուսուցիչների ցանկությանը, դիմել Հանրապետության նախագահին, որ հանձնարարական տա կառավարությանը` դպրոցի վերանորոգման խնդիրը լուծելու համար:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը զրուցեց նաեւ լրագրողների հետ, պատասխանեց նրանց հարցերին: Նա գոհունակությամբ փաստեց, որ տարեցտարի ավելանում է ասմունքի մրցույթ-փառատոնի մասնակիցների թիվը: Առաջին մրցույթ փառատոնին մասնակցել է 5 հազար դպրոցական, իսկ 4-րդ փառատոնի մասնակիցների թիվն արդեն 135 հազար էր: Փառատոնն ընդլայնել է նաեւ իր սահմանները` ընդգրկելով Արցախն ու Ջավախքը: Նա հույս հայտնեց, որ լավ գործը լավ արդյունք ու լավ ավարտ կունենա:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am